среда, 9 января 2013 г.

Բացակայելու արվեստ


Հերթական օրն էր ավարտին մոտենում, ու զգում էի, որ բարկացած, չէ՛, ավելի շուտ, ջղայինացած էի ամեն ինչի ու ամենքի վրա: Հետաքրքիրն էնա, որ դրա համար առանձանպես պատճառ չկար: Բայց ինչքան գիտեմ նման բան  բոլորի հետ էլ պատահումա: Զգում էի, որ հանգստանալու համար ինձ պետքա ուղղակի վերցնել մի գիրք ու դրա միջոցով ինքս իմ մեջ մեղմել ջղայինությունս: Բացեցի դարակս ու վերցրի մի գիրք, որը վաղուց էի պլանավորել կարդալ, բայց չէր ստացվում (գիրքը գիտական գրականությունից էր, իսկ ինձ մոտ գեղարվեստականն է միշտ առաջնային եղել): Նայում եմ գրքի կազմին, շատ խորիմաստ նկար. Ирина Каспэ «Искусство отсуствовать»: Կարդացի ներածությունը: Ինչու՞ «Բացակայելու արվեստ»...Որովհետև խոսքը գնալու էր գրական այն սերունդների մասին, որոնք ոչնչով աչքի չեն ընկել, մնացել են աննկատ ու անգամ այս կամ այն չափով դուրս են մնացել հասարակությունից, պատմությունից ու ժամանակից առհասարակ:
Փակեցի գիրքը, որովհետև զգացի, որ ուղեղումս ամեն ինչ խառնվեց իրար, միտքս վազում էր, հարցերի տարափ՝ ինքս ինձ: Սկսեցի մտածել, թե մենք ինչով ենք տարբերվում աննկատ մնացած այդ սերունդներից: Ի՞նչ են անում մեզանից շատերը (այդ թվում՝ ես) որ ինչ-որ բանով աչքի ընկնեն կամ գոնե աննկատ չմնան հասարակության ու ժամանակի հոսանքի մեջ: Դե, բնականաբար, հո բոլորը գիրք չեն գրի կամ դառնան երաժիշտ, որ արվեստի կամ թեկուզ ցանկացած այլ բնագավառում նրանց թեկուզև անհաջող փորձերը հիմք տան ասելու, որ, այո՛, ինչ-որ բան արեց:
Շատերն ապրում են առօրյայի բեռով, իրենց սովորական կյանքով ու ամենևին էլ կարիք չկա օրերով մտածել ու փնտրել ուղիներ, որոնք կտարբերվեն ու կտարբերեն: Գուցե ճիշտն էլ դա է: Շատերի համար, բայց ոչ անհանգիստ հոգիների: Հերոստրատի նման չարագործություն անել պետք չի, պատմությանը քեզ հիշել տալու համար, բայց նորը փնտրել արժի: Թեկուզ մենակ քեզ համար: Անել մի բան, որ քեզ գոնե մարդկանց փոքր շրջանակում հիշել կտա, չլինել չեզոք, չլինել միջին հարթություններում. միջիններին չեն հիշի: Աշխարհից ու բոլորից մի կողմ քաշված ապրելն է բացակայելու արվեստ (խոսքն ապատիայի մասին չէ): Չգիտեմ…հիմա հարցերը շատ են…