пятница, 4 ноября 2011 г.

Երազիս Թևերով (մաս ll)


Ձեռքում շուռումուռ էր տալիս նամակը: Փոստատարն էր բերել: Երբ դուռը թակեցին, մի քանի րոպե անշարժացել էր, լուռ էր ու մտածում էր, թե արդյոք դա իր հիվանդ երևակայության մեջ չէր, որ լսվում էին թակոցներ; Ո՞վ պետք է իրեն հիշեր, ո՞վ պետք է այցելեր իրեն: Բայց պարզվեց, որ նրան հիշող էլ կար, որ նույնիսկ նամակ ունի; Ու, ահա՛, նայում էր ծրարին` անանուն, անհասցե, ու չէր շտապում բացել այն: Ցանկություն էլ չուներ: Կյանքի նկատմամբ ամեն հույս, սպասում վաղուց անհետացել էին նրա մտահորիզոնից: Էլ ոչինչ չէր ուզում իմանալ, լսել, զգալ կամ մտածել:
«Հիշու՞մ ես, մա՛յր, ինձ առաջին անգամ երբ թուղթ ու գրիչ գնեցիր, մի տարոօրինակ վախով չէի համարձակվում գրել անգամ: Իսկ դու ձեռքիցս բռնեցիր ու միասին գրեցինք իմ անունը, քոնը, նրանը…»:
Մատներն այրում էին նամակը: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես պատռեց ծրարն ու առաջին իսկ վայրկյանից հայացքն անշարժացավ այդ նրբագեղ, գեղեցիկ ու մանրիկ ձեռագրի վրա: Այդ նա էր, ու այլևս ոչինչ նրան չէր կարող խանգարել գոնե մի պահ, մի ակնթարթ երջանիկ զգալ իրեն: Ինքն էլ չէր հավատում, թե երջանիկ է: Նրան ծանոթ չէր դա, խորթ էր, օտար ու մի տեսակ հեռավոր: Սկսեց ագահորեն  կարդալ նամակը: Որքան էլ տարօրինակ էր դեմքի ոչ մի արտահայտություն էլ չփոխվեց: Հանգիստ էր, սառը ու պարզ: Այո՛, ինքն էլ էր հասկացել, որ չքնաղ այդ աղջիկը գիտի իր մասին, իր զգացմունքների մասին, որոնք ինքն այնքան մեծ խնամքով ու հոգատարությամբ էր պահում իր սրտում: Այն անձրևոտ օրը, երբ տեսավ նրան, ճակատագիրը, նախախնամությունը թե պատահականությունը երկրորդ անգամ նրանց միմյանց նույն ճանապարհին դուրս բերեց: Այս անգամ իր կամքից անկախ ոտքերը նրան տարան գեղեցիկ այդ անծանոթուհու ետևից: Դրանից հետո քանի՜-քանի՜ անգամ էր թափառել նրանց տան մոտակայքում, քանի՜-քանի՜ անգամ էր նկարել նրա դիմանակարն ու ուղարկել նրան: Իսկ հիմա նամակում աղջիկն իրեն խենթ նկարիչ է անվանում  ու ասում, որ էլ չգա, չթափառի իր պատուհանի տակ, ու՞մ  է սպասում, ինչի՞ն…
Նա իր երազն էր, իր  հեռավոր ու թաքուն երազը: Զգաց, թե ինչպես մի ակնթարթում նրա պատկերից հյուսված այդ երազն ավելի հեռացավ, թռավ, անհետացավ:  Մի անզուսպ ցանկություն զգաց վազելու, անդադար վազելու երազի ետևից, բայց գիտեր` իզուր էր, չէր հասնելու:
Անտանելի ցուրտ զգաց  ու նրան թվաց, թե ամբողջ աշխարհն է մրսում, և, իսկապես, աշխարհը ցուրտ էր: Ամեն ինչ նրան թվաց խորթ, օտար, սառը: Տաքանալու համար վառեց իր բոլոր նկարները ու զգաց, որ ավելի է մրսում: Սարսափելի այդ ցուրտը նրա մեջ էր դեռ այն անձրևոտ օրվանից, երբ չար պատահականությամբ հանդիպեց նրան ու դրանով տարված թափառեց այնքան, մինչև ուժասպառ տուն հասավ:
Բոլոր այդ մտքերից հոգնելով՝ պառկեց բազմոցին: Հեռու՜ հեռվից իրեն էին նայում մոր աչքերը` փայլուն ու ջերմ այդ աչքերը: Հասկացավ, որ նա շատ մոտ է իրեն: Երջանիկ էր, իսկ երազը դեռ թռչում էր, հեռանում…Իսկապես աշխարհը ցուրտ էր…
(Նվիրում եմ Աննային)

суббота, 24 сентября 2011 г.

Զիդան` ժամանակի մեծագույն վարպետը


Ասում են`տաղանդները 100 տարին մեկ են ծնվում, հանճարները` 1000 տարին մեկ: Ու սկսում ես մտածել, թե որքան գերբնական, բոլորից վեր ու բարձր են լինում այն անհատները, որոնց մարդկությունը «հանճար» է անվանում, և ամեն ժամանակաշրջան չէ, որ տալիս է այդ «հանճարին»: Հետո հասկանում ես, որ միգուցե ամեն բնագավառում ուշ-ուշ, բայց ծնվում են նրանք, իսկ բնագավառներից մեկն էլ ֆուտբոլն է, որն էլ իր հերթին յուրահատուկ արվեստ է ու արվեստի մյուս ճյուղերի նման տվել է իր տաղանդներին ու նաև ֆուտբոլային եզակի հանճարներին: Ինձ համար այդ հանճարը նա է` միակը, անկրկնելին, ֆանտաստիկը…Զինեդին Զիդանը:  Նրա խաղով էր, որ ֆուտբոլը դարձավ ինձ համար յուրօրինակ արվեստ, նրա խաղն էր, որ նույնքան գեղեցիկ էր, որքան էսթետիկական հաճույք պատճառող ցանկացած գլուխգործոց: Համոզված եմ, որ ոչ միայն ինձ, այլև շատերի համար Զիդանը եղել է այն ֆուտբոլիստը, որի կատարելության հասնող խաղը ստիպել է սիրել ֆուտբոլը: Իզուր չէ Լոբոնովսկին ասել.«Նա ապագայի ֆուտբոլիստի նախատիպն է…Նա գրեթե անթերի է»: Ֆուտբոլը տվել է բազում փայլուն ու տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց մեր սերունդը հիացել ու ապրել է նրա խաղով և ոչ միայն մենք, այլ նաև ավագները: Հիշում եմ, թե ինչպես հայրս մի անգամ ասաց. «Նա ֆուտբոլային «պրոֆեսոր» է, գիտակ, մի ամբողջ թիմ, լիդեր»:Եվ իսկապես նա լիդեր էր, որը ներքին թելերով էր առաջ տանում թիմը, էլեգանտ անհատականություն, որը յուրահատուկ համեստությամբ էր վայելում հաղթանակի դափնիները, «նկարիչ», որ յուրահատուկ գույներով էր նկարում ֆուտբոլը, փլեյմեյքեր, որը ուրույն ձեռագրով էր կերտում իր խաղը, ձեռագիր, որը թերևս ոչ ոք էլ չկարողանա ընդօրինակել: Հաճախ կարելի է լսել, որ Մեսսին Մարադոնայի հետնորդն է, Ռոնալդոն`Պելեի և այլն, բայց նոր զիդաններ չկան, չեն լինի անգամ նրա որդիները, որոնք բոլորն էլ եթե դառնան ֆուտբոլիստներ, չեն լինի այն Զիդանը, որին աստավածացնում է ողջ Ֆրանսիան, որը միլիոներինն է:
Նրա միջոցով է, որ սիրել եմ ոչ միայն ֆուտբոլը, այլ նաև Մադրիդի «Ռեալը»:Տեսել ու հիացել եմ նրանով ու «Գալակտիկոսի» խաղով, որը հաղթում էր աշխարհում ամեն ինչ ու ամենքին: Իսկ նա ինձ ու շատերի համար եղել է այդ գալակտիկոսի ամենավառ փայլող աստղը: Բոլոր այդ անցումները, գոլերը և անգամ ամենապարզ փոխանցումները ստիպել են հիանալ բոլորին`թե՛ նրա տաղանդի երկրպագուներին, թե՛ անգամ մրցակիցներին:Իսկ ֆուտբոլային հանրությանը ոչինչ չէր մնում, քան պարզապես ծափահարել ֆուտբոլային այդ բացառիկ անհատականությանը,, անկրկնելի, ֆանտաստիկ, մի տեսակ վերերկրային ֆուտբոլի կրողին ու կերտողին որը հաղթեց ամեն ինչ ու դարձավ աշխարհինը:

Նա չկարողացավ ավարտին հասցնել իր կարիերայի 10 րոպեն, այնինչ որքան հիանալի կլիներ այն ֆոտբոլիստի կարիերայի ավարտը, որը նոր մակարդակ ստեղծեց խաղադաշտում: Բայց Մատերացիի հետ ընդհարումը շատ փոքր բիծ էր այն փառավոր ուղղու համեմատ, որ անցավ Զիդանը, անուն, որը պատվի, հարգանքի և ֆանտաստիկ ֆուտբոլի խորհրդանիշն է:Արդյոք այլ ելք կունենար 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եթե խաղադաշտից չհեռացվեր Զիդանը…երևի թե ոչ, բայց դա արդեն ոչինչ չէր փոխում…Զիդանը հեռացավ խաղադաշտից անգամ առանց նայելու շատերի համար բաղձալի գավաթին և դա արդեն իսկ բավական էր:
«Պելեն ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլիստը, Կրուիֆը` թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլը»: Ֆիլատով
Արդեն 5 տարի է, ինչ ֆուտբոլին հրաժեշտ է տվել ու խաղադաշտ դուրս չի եկել այն ֆուտբոլիստը, որը ցույց տվեց  թե՛ մեկը, թե՛ մյուսը:

четверг, 8 сентября 2011 г.

Հեռուստաքաոս...



Հայտնի է, որ հեռուստատեսությունը  յուրահատուկ դաստիարակչական միջոց է հասարակության ու աճող սերնդի համար, եթե իհարկե այն գործում է ճիշտ ու տեղին: Բորիս Ռոզինգի գյուտը համալրում է տեխնիկայի այն միջոցների շարքը առանց որի ժամանակակից մարդը, թերևսչի կարող իրեն պատկերացնել: Հրաշալի է, երբ աշխարհում գոյություն ունեն այնպիսի մեգաալիքներ, ինչպիսիք են ՝ Discovery Channel (Discovery Travel&Living),  World Fashion Channel, World Music Channel, 1 канал, Euronews (Eurosport ) և այլն: Սրանք հեռուստատեսության աշխարհում համաշխարհային մակարդակով  որակ ապահովող «հսկաներ» են: Իսկ ի՞նչ ունենք մենք՝ հայերս: Դե քանի որ սա Հայաստանն է, բնականաբար, ամեն ինչ ուրիշ է, չափանիշից ու կանոնից դուրս:
«Հեռուստաքաոս»…Այս անունով կարելի է որակել հայկական հեռուստաաշխարհի իրականությունը: Մի քանի օր առաջ հեռուստացույցը միացնելով և ալիքները փոխելով՝ մտածում էի՝ տեսնես կգտնեմ հայրենական արտադրության որևէ որակյալ ու հետաքրքիր հաղորդում, որն ինչ-որ բան կսովորեցնի և որը կարող է ինչ-որ արժեք ներկայացնել: Հետո ինքս ինձ վրա ծիծաղեցի...Ինչու՞լինեն նման հաղորդումներ:Իսկ հեռուստասերիալնե՞րը: Ինչպե՞ս մեր հեռուստաալիքները հասցնեն իրենց եթերաժամանակի մեջ տեղավորել որևէ հետաքրքիր հաղորդում, եթե իրար ետևից շղթայի պես հաջորդում են հեռուստասերիալները ու դա դեռ քիչ է օրվա մեջ 3-4 անգամ պարտադիր կրկնությամբ՝ չհաշված հանգստյան օրերի ամբողջական կրկնությունը: Հարց է առաջանում ՝ «Բայց մարդիկ նայում են դադա պահանջարկ ունի, ինչու՞ չցուցադրել»: Դե  ինչու՞չեն նայի: Հենց սկզբից նշեցիոր հեռուստատեսությունը դաստիարակչական միջոց է և մարդիկ վերցնում են այն, ինչ նրանց կտա հեռուստատեսությունը, իսկ այն մեզ մոտ ազգին դաստիարակում  է այսպես: Մինչ սերիլաները գրավում են հեռուստաշուկան, այնպիսի  հեռուստահաղորդումներ ինչպիսիք են «Մերոնք», «Օտար ամայի ճամփեքի վրա», «Աշխարհի հայերը» և այլն, մղվում են հետին պլաններ՝ հեռուստալսարան չունենալու պատճառով: Մինչ հեռուստահաղորդումներից մեկը գնում է այս կամ այն «աստղի» բնակարանը նկարահանելու, մեկ ուրիշ հեռուստահաղորդում փորձում է պարզել, թե որքանով է, օրինակ, մեր ազգը ճանաչում համաշխարհային հայտնի դեմքերին, որոնք իսկապես վաստակել են «աստղ»  կոչվելու իրավունք: Թողնենք օտարազգիներին մի կողմ (ինձ համար ամենազավեշտալին նրանց  ճանաչելու գործընթացի մեջ եղել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստային Առնոլդ Շվարցնեգերի հետ շփոթելըJ), բայց գոնե պետք է ճանաչել մեր հայազգի մեծերին: Իսկ հեռուտաալիքներով մատուցվող երաժշտության որակի և հայկական գովազդների մակարդակի մասին առանց մեկանաբանությունների:

Ու մինչ մարդկանց զգալի մասը, և նրանց թվում հատկապես մեծահասակները, մեծ ոգևորությամբ սպասում են իրենց սիրելի հեռուստասերիալներին, մյուս մասը, թե երբ կսկսվեն օտար այս կամ այն հեռուստաալիքներից կրկնօրինակած հաղորդումները, որոշ մասը հետաքրքիր հաղորդումներ է փնտրում արբանյակային ալեհավաքի միջոցով, իսկ երիտասարդների մեծամասնությունը շրջվում է դեպի համացանցը՝ անտեսելով հեռուստատեսությունը, արդյունքում շատ արժեքներ կամ պարզապես կորչում են կամ ոտնանատակ լինում: Մինչդեռ դարեր շարունակ հայի միտքը եղել է ճկուն, եղել է պրպտող ու ստեղծող: Ուրեմն ու՞ր մնաց այդ նույն հայի միտքը, որ չի կարողանում պատշաճ որակ ապահովել հեռուստատեսության աշխարհում:

воскресенье, 4 сентября 2011 г.

Երազիս Թևերով


Վատ տրամադրությամբ էր արթնացել: Մենակության զգացումը խեղդում էր: Չէր ուզում մտածել: Անիմաստ էր: Բայց միտքն ինքն իրեն էր շարժվում, վազում, ծիծաղում նրա վրա: Թվում էր, թե սենյակի պատերը փուլ են գալիս իր վրա: Ուզում էր փախչել, անէանալ աշխարհից:Ինքն էլ չնկատեց, թե ինչպես հայտնվեց փողոցում: Քայլում էր՝ չհասկանալով, թե ուր: Հոգնել էր չհասկանալուց:

«Գիտե՞ս, ես այլևս ուժ չունեմ պայքարելու, կռվելու աշխարհի դեմ: Ես էլ ուժեղ չեմ, մա՛յր, թույլ եմ: Մի՛ նախատիր ինձ: Մեղավոր չեմ, որ էլ չեմ ուզում աշխարհն ուսերիս տանել, դառնալ նրա ծառան»:

Քաղաքն էլ էր փոխվել նրա աչքինՄռայլ էր, անտանելի: Մի՞թե երբևէ սիրել էր այն քաղաքը, որը հիմա բոլորի պես ծիծաղում էր իր նման անպիտան անհաջողակի վրա:

«Ինչու՞ ես կատարյալ:Չե՞ս հասկանում, որ կատարյալ մարդիկ չկան: Ինչու՞ ես այդքան աստվածային: Մի՞թե չես հասկանում, որ երկրի վրա հրեշտակներ չկան: Երբեք չեմ նկարի քեզ: Ոչ մի վրձին ու գույն ունակ չեն կերտել քեզ: Չեմ կարողանա նկարել քեզ ու նորից ինձ ոչինչ կզգամ: Իսկ դու ու՞ր ես գնում: Երազանքիդ ետևի՞ց: Զգու՛յշ եղիր: Գեղեցկությունդ կարող է կործանել քեզ»:

Հե՛յ, տղա՛, հիմա՞ր ես ինչ է: Շու՛րջդ նայիր:
Շուրջս ոչնինչ էլ չկա:
Հիմա՞ր ես, թե՞ կույր: Ինչի՞ համար են աչքերդ, այն էլ այդքան գեղեցիկ:
Բացի «հիմարից» ուրիշ փաղաքշական բառ չգիտե՞ք:
Ոնց  չգիտեմ, ա՛յ հիմար: Ջահել ես, ի՞նչ ես մռայլվել:
Հիմար եմ, դրանից է:
Դե դա արդեն հասկացա:
Պապի՛, դու հիմա իջնու՞մ ես, թե՞ բարձրանում: Կյանքն աստիճան է չէ՞: Ու՞ր ես դու հասել:
Հա, կյանքի մասին  մարդիկ նման պատկերացումներ են կազմում ՝ աստիճան է, խաղ է, թատրոն է, չգիտեմ ինչ զահրումար է: Ես կյանքիս աշունն եմ ապրում ու  դրանից մի բան եմ սերտելՊետք է կյանքը գեղեցիկ ապրել: Արա ինչ ուզում ես, բայց գեղեցիկ ապրիր ու գեղեցիկ հեռացիր: Շուտով ինձ համար ձմեռն է գալու: Բայց չգիտեմ՝ բարձրացե՞լ եմ երբևիցե, թե՞ միշտ նույն աստիճանին եմ մնացել: Չեմ հասկացելՀիմար եմ:

Մինչ տուն կհասներ՝ սկսեց անձրևել: Զգում էր, որ կխելագարվի: Ատում էր անձրևը: Նա իրենից ՄՈՐՆ էր խլելել: Տարել էր հեռու՜-հեռու՜: Խլել էր իրենից միակ հարազատին, անկրկնելիինԽլել էր իրեն:
«Ետ տուր նրան, անձրև՛: Հիմա նա երևի քո կաթիլներից մեկն է: Բայց մարգարտյա կաթիլը, որին դու էլ ես պահել, դու էլ ես փայփայում ու չես տա ոչ մեկին»:
Անձրևը մեղմացավՔայլում էր դեպի տուն ու ետևից արագ քայլերի ձայն լսեց: Մի աղջիկ էր վազում, արագ տուն էր ուզում հասնել: Երևի նրան սպասող կար: Շրջվեց, նայեց աչքերի մեջ ու այդ հայացքն իրեն այնքան ծանոթ թվաց: Անցյալից մի շարք պատկերներ հառնեցին իր առջև: Փորձում էր հիշել, բայց անօգուտ էր..Չկար այդ ծանոթ դեմքը: Աղջիկն էլ էր չքացել..«Մի՞թե խելագարվում եմ, անձրև՛»:
Տուն հասնելուն պես՝ վերցրեց  վրձինը: Հասկացավ, որ միայն նա է իրեն հարազատ մնացել: Շարժեց ձեռքը, տարվեց դրանով, նկարեց, ապրեց այդ պահը, իսկ երբ վերջացրեց, տեսավ, որ կտավից իրեն են նայում մոր աչքերը՝ սև, խորը, թախծոտ: Մոր աչքերն էր ժառանգել: Մի յուրահատուկ ջերմություն զգաց: Գիտեր, որ միայն նրան նկարելով կարող էր խեղդել կարոտը:
«Ինչու՞ չեմ հիշում հորս, - ինքն իրեն մտքում հարց տվեց ու իսկույն էլ ծիծաղեց իր հարցի վրա,-Իսկ նա երբևէ ինձ հիշե՞լ է»:
Դուռը թակեցինՄի՞թե
                                                                                            
                                                                                                                          շարունակելի...
                                                                                               

среда, 31 августа 2011 г.

Երբ գալիս է Սեպտեմբերը



Չգիտեմ, թե ուրիշների մոտ ինչպես է, բայց ինձ մոտ ամեն անգամ սեպտեմբերի 1-ի առավոտյան մի յուրօրինակ զգացում է լինում: Այնպես, որ թվում է, թե ինչ-որ կարևոր իրադարձության ես պատրաստվում:Այս տարի ինձ համար գալիս է 13-րդ Սեպտեմբերի 1-ը:Արդեն ետևում են մնացել դպրոցական սեպտեմբերները, երբ ամեն ինչ պարզ էր ու հասարակ, երբ չէիր էլ հասկանում, որ ծնողներդ  ամեն ինչ անում են, որ ամեն  ուսումնական տարի նոր աշակերտական հագուտով ու պայուսակով գնաս դպրոց:  Դու էլ պատրաստովում էիր, հագնում աշակերտական հագուստն ու բռնում դպրոցի ճամփան:Դու պարզապես ուրախանում ես գնալով գնումների ու գրենական ամեն մի նոր պիտույք գնելով՝ ժպտում, ուրախանում: Մի օր էլ տեսնում ես, որ էտ ամենն ավարտվել է, շատերի մոտ նույնիսկ ավարտվում է ավելի շուտ, քան կավարտեն դպրոցը:Մտածում են, որ արդեն մեծ են ու նույնիսկ ամաչում են գնալ «ինչ-որ» գրենական պիտույք գնելու: Բայց երբ ավարտվում է էտ ամենը, զգում ես, որ ինչ-որ բան դատարկվեց: 13 տարի առաջ էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի հարազատ դպրոցիս պատերից ներսՉեմ նկարագրի դա, որովհետև յուրաքանչյուրն էլ ապրել է դա, ապրել միայն իր համար հասկանալի հույզեր ու միայն իրեն հատուկ կարոտով է հետո հիշելու էտ ամենը:
Այլ էր համալսարանական առաջին Սեպտեմբերի 1-ը:Դրան էլ էի յուրահատուկ պատրաստվել..մինչդեռ այդ օրն ինձ համար դարձավ անտանելի: Թե ինչու՞՝ ինքս էլ չգիտեմ: Երևի մի բանի ես սպասում ու լրիվ այլ բան տեսնում: Մտածում էի, թե ինչի համար եմ էսքան պայքարել, ջանք թափել ու չէի հասկանում, թե որտեղից ծնվեց այդ հակակրանքը դեպի համալսարանը:Չէ՞ որ ամեն անգամ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը տեսնելիս երազել եմ մի օր լինել նրա ուսանողը: Ուրեմն ի՞նչ եղավ:
Եղավ այն, որ դա երկար չտևեց: Ընդամենը մի քանի օր անց ամեն ինչ դարձավ սովորական ու հարազատ:Համալսարանական առօրյան, ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես, բայց կլանում է քեզ  և ուզած-չուզած ենթարկվում ես նրան:Միայն այդ ժամանակ հասկացա, որ սկսել եմ շատ սիրել հարազատ ԵՊՀ-ն: Հետո արդեն բազում դժվարություններ, զվարճալի ու ձանձրալի դասեր, քննություններ և որպես դրա հետևանք..անհամբեր սպասում ես արձակուրդների: Ուսումանական տարին ավարտվում է՝ իր հետ տանելով այնքան շատ բան, որ ինքդ էլ չես հասցնում հասկանալ, թե ինչ:Սակայն ինչպես կյանքում ամեն բան իր վերջն է ունենում, արձակուրդն էլ է ավարտվում, ու նորից դուռդ թակում է Սեպտեմբերը
Վաղը նորից այդ յուրօրինակ զգացողությամբ եմ արթնանալու:Ուրախ եմ դրա համար, որովհետև տարվա մեջ ոչ մի այլ օր, դա էլ չեմ զգում
Բարև Սեպտեմբեր…Շնորհավոր Գիտելիքի օր...