суббота, 24 сентября 2011 г.

Զիդան` ժամանակի մեծագույն վարպետը


Ասում են`տաղանդները 100 տարին մեկ են ծնվում, հանճարները` 1000 տարին մեկ: Ու սկսում ես մտածել, թե որքան գերբնական, բոլորից վեր ու բարձր են լինում այն անհատները, որոնց մարդկությունը «հանճար» է անվանում, և ամեն ժամանակաշրջան չէ, որ տալիս է այդ «հանճարին»: Հետո հասկանում ես, որ միգուցե ամեն բնագավառում ուշ-ուշ, բայց ծնվում են նրանք, իսկ բնագավառներից մեկն էլ ֆուտբոլն է, որն էլ իր հերթին յուրահատուկ արվեստ է ու արվեստի մյուս ճյուղերի նման տվել է իր տաղանդներին ու նաև ֆուտբոլային եզակի հանճարներին: Ինձ համար այդ հանճարը նա է` միակը, անկրկնելին, ֆանտաստիկը…Զինեդին Զիդանը:  Նրա խաղով էր, որ ֆուտբոլը դարձավ ինձ համար յուրօրինակ արվեստ, նրա խաղն էր, որ նույնքան գեղեցիկ էր, որքան էսթետիկական հաճույք պատճառող ցանկացած գլուխգործոց: Համոզված եմ, որ ոչ միայն ինձ, այլև շատերի համար Զիդանը եղել է այն ֆուտբոլիստը, որի կատարելության հասնող խաղը ստիպել է սիրել ֆուտբոլը: Իզուր չէ Լոբոնովսկին ասել.«Նա ապագայի ֆուտբոլիստի նախատիպն է…Նա գրեթե անթերի է»: Ֆուտբոլը տվել է բազում փայլուն ու տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց մեր սերունդը հիացել ու ապրել է նրա խաղով և ոչ միայն մենք, այլ նաև ավագները: Հիշում եմ, թե ինչպես հայրս մի անգամ ասաց. «Նա ֆուտբոլային «պրոֆեսոր» է, գիտակ, մի ամբողջ թիմ, լիդեր»:Եվ իսկապես նա լիդեր էր, որը ներքին թելերով էր առաջ տանում թիմը, էլեգանտ անհատականություն, որը յուրահատուկ համեստությամբ էր վայելում հաղթանակի դափնիները, «նկարիչ», որ յուրահատուկ գույներով էր նկարում ֆուտբոլը, փլեյմեյքեր, որը ուրույն ձեռագրով էր կերտում իր խաղը, ձեռագիր, որը թերևս ոչ ոք էլ չկարողանա ընդօրինակել: Հաճախ կարելի է լսել, որ Մեսսին Մարադոնայի հետնորդն է, Ռոնալդոն`Պելեի և այլն, բայց նոր զիդաններ չկան, չեն լինի անգամ նրա որդիները, որոնք բոլորն էլ եթե դառնան ֆուտբոլիստներ, չեն լինի այն Զիդանը, որին աստավածացնում է ողջ Ֆրանսիան, որը միլիոներինն է:
Նրա միջոցով է, որ սիրել եմ ոչ միայն ֆուտբոլը, այլ նաև Մադրիդի «Ռեալը»:Տեսել ու հիացել եմ նրանով ու «Գալակտիկոսի» խաղով, որը հաղթում էր աշխարհում ամեն ինչ ու ամենքին: Իսկ նա ինձ ու շատերի համար եղել է այդ գալակտիկոսի ամենավառ փայլող աստղը: Բոլոր այդ անցումները, գոլերը և անգամ ամենապարզ փոխանցումները ստիպել են հիանալ բոլորին`թե՛ նրա տաղանդի երկրպագուներին, թե՛ անգամ մրցակիցներին:Իսկ ֆուտբոլային հանրությանը ոչինչ չէր մնում, քան պարզապես ծափահարել ֆուտբոլային այդ բացառիկ անհատականությանը,, անկրկնելի, ֆանտաստիկ, մի տեսակ վերերկրային ֆուտբոլի կրողին ու կերտողին որը հաղթեց ամեն ինչ ու դարձավ աշխարհինը:

Նա չկարողացավ ավարտին հասցնել իր կարիերայի 10 րոպեն, այնինչ որքան հիանալի կլիներ այն ֆոտբոլիստի կարիերայի ավարտը, որը նոր մակարդակ ստեղծեց խաղադաշտում: Բայց Մատերացիի հետ ընդհարումը շատ փոքր բիծ էր այն փառավոր ուղղու համեմատ, որ անցավ Զիդանը, անուն, որը պատվի, հարգանքի և ֆանտաստիկ ֆուտբոլի խորհրդանիշն է:Արդյոք այլ ելք կունենար 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եթե խաղադաշտից չհեռացվեր Զիդանը…երևի թե ոչ, բայց դա արդեն ոչինչ չէր փոխում…Զիդանը հեռացավ խաղադաշտից անգամ առանց նայելու շատերի համար բաղձալի գավաթին և դա արդեն իսկ բավական էր:
«Պելեն ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլիստը, Կրուիֆը` թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլը»: Ֆիլատով
Արդեն 5 տարի է, ինչ ֆուտբոլին հրաժեշտ է տվել ու խաղադաշտ դուրս չի եկել այն ֆուտբոլիստը, որը ցույց տվեց  թե՛ մեկը, թե՛ մյուսը:

четверг, 8 сентября 2011 г.

Հեռուստաքաոս...



Հայտնի է, որ հեռուստատեսությունը  յուրահատուկ դաստիարակչական միջոց է հասարակության ու աճող սերնդի համար, եթե իհարկե այն գործում է ճիշտ ու տեղին: Բորիս Ռոզինգի գյուտը համալրում է տեխնիկայի այն միջոցների շարքը առանց որի ժամանակակից մարդը, թերևսչի կարող իրեն պատկերացնել: Հրաշալի է, երբ աշխարհում գոյություն ունեն այնպիսի մեգաալիքներ, ինչպիսիք են ՝ Discovery Channel (Discovery Travel&Living),  World Fashion Channel, World Music Channel, 1 канал, Euronews (Eurosport ) և այլն: Սրանք հեռուստատեսության աշխարհում համաշխարհային մակարդակով  որակ ապահովող «հսկաներ» են: Իսկ ի՞նչ ունենք մենք՝ հայերս: Դե քանի որ սա Հայաստանն է, բնականաբար, ամեն ինչ ուրիշ է, չափանիշից ու կանոնից դուրս:
«Հեռուստաքաոս»…Այս անունով կարելի է որակել հայկական հեռուստաաշխարհի իրականությունը: Մի քանի օր առաջ հեռուստացույցը միացնելով և ալիքները փոխելով՝ մտածում էի՝ տեսնես կգտնեմ հայրենական արտադրության որևէ որակյալ ու հետաքրքիր հաղորդում, որն ինչ-որ բան կսովորեցնի և որը կարող է ինչ-որ արժեք ներկայացնել: Հետո ինքս ինձ վրա ծիծաղեցի...Ինչու՞լինեն նման հաղորդումներ:Իսկ հեռուստասերիալնե՞րը: Ինչպե՞ս մեր հեռուստաալիքները հասցնեն իրենց եթերաժամանակի մեջ տեղավորել որևէ հետաքրքիր հաղորդում, եթե իրար ետևից շղթայի պես հաջորդում են հեռուստասերիալները ու դա դեռ քիչ է օրվա մեջ 3-4 անգամ պարտադիր կրկնությամբ՝ չհաշված հանգստյան օրերի ամբողջական կրկնությունը: Հարց է առաջանում ՝ «Բայց մարդիկ նայում են դադա պահանջարկ ունի, ինչու՞ չցուցադրել»: Դե  ինչու՞չեն նայի: Հենց սկզբից նշեցիոր հեռուստատեսությունը դաստիարակչական միջոց է և մարդիկ վերցնում են այն, ինչ նրանց կտա հեռուստատեսությունը, իսկ այն մեզ մոտ ազգին դաստիարակում  է այսպես: Մինչ սերիլաները գրավում են հեռուստաշուկան, այնպիսի  հեռուստահաղորդումներ ինչպիսիք են «Մերոնք», «Օտար ամայի ճամփեքի վրա», «Աշխարհի հայերը» և այլն, մղվում են հետին պլաններ՝ հեռուստալսարան չունենալու պատճառով: Մինչ հեռուստահաղորդումներից մեկը գնում է այս կամ այն «աստղի» բնակարանը նկարահանելու, մեկ ուրիշ հեռուստահաղորդում փորձում է պարզել, թե որքանով է, օրինակ, մեր ազգը ճանաչում համաշխարհային հայտնի դեմքերին, որոնք իսկապես վաստակել են «աստղ»  կոչվելու իրավունք: Թողնենք օտարազգիներին մի կողմ (ինձ համար ամենազավեշտալին նրանց  ճանաչելու գործընթացի մեջ եղել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստային Առնոլդ Շվարցնեգերի հետ շփոթելըJ), բայց գոնե պետք է ճանաչել մեր հայազգի մեծերին: Իսկ հեռուտաալիքներով մատուցվող երաժշտության որակի և հայկական գովազդների մակարդակի մասին առանց մեկանաբանությունների:

Ու մինչ մարդկանց զգալի մասը, և նրանց թվում հատկապես մեծահասակները, մեծ ոգևորությամբ սպասում են իրենց սիրելի հեռուստասերիալներին, մյուս մասը, թե երբ կսկսվեն օտար այս կամ այն հեռուստաալիքներից կրկնօրինակած հաղորդումները, որոշ մասը հետաքրքիր հաղորդումներ է փնտրում արբանյակային ալեհավաքի միջոցով, իսկ երիտասարդների մեծամասնությունը շրջվում է դեպի համացանցը՝ անտեսելով հեռուստատեսությունը, արդյունքում շատ արժեքներ կամ պարզապես կորչում են կամ ոտնանատակ լինում: Մինչդեռ դարեր շարունակ հայի միտքը եղել է ճկուն, եղել է պրպտող ու ստեղծող: Ուրեմն ու՞ր մնաց այդ նույն հայի միտքը, որ չի կարողանում պատշաճ որակ ապահովել հեռուստատեսության աշխարհում:

воскресенье, 4 сентября 2011 г.

Երազիս Թևերով


Վատ տրամադրությամբ էր արթնացել: Մենակության զգացումը խեղդում էր: Չէր ուզում մտածել: Անիմաստ էր: Բայց միտքն ինքն իրեն էր շարժվում, վազում, ծիծաղում նրա վրա: Թվում էր, թե սենյակի պատերը փուլ են գալիս իր վրա: Ուզում էր փախչել, անէանալ աշխարհից:Ինքն էլ չնկատեց, թե ինչպես հայտնվեց փողոցում: Քայլում էր՝ չհասկանալով, թե ուր: Հոգնել էր չհասկանալուց:

«Գիտե՞ս, ես այլևս ուժ չունեմ պայքարելու, կռվելու աշխարհի դեմ: Ես էլ ուժեղ չեմ, մա՛յր, թույլ եմ: Մի՛ նախատիր ինձ: Մեղավոր չեմ, որ էլ չեմ ուզում աշխարհն ուսերիս տանել, դառնալ նրա ծառան»:

Քաղաքն էլ էր փոխվել նրա աչքինՄռայլ էր, անտանելի: Մի՞թե երբևէ սիրել էր այն քաղաքը, որը հիմա բոլորի պես ծիծաղում էր իր նման անպիտան անհաջողակի վրա:

«Ինչու՞ ես կատարյալ:Չե՞ս հասկանում, որ կատարյալ մարդիկ չկան: Ինչու՞ ես այդքան աստվածային: Մի՞թե չես հասկանում, որ երկրի վրա հրեշտակներ չկան: Երբեք չեմ նկարի քեզ: Ոչ մի վրձին ու գույն ունակ չեն կերտել քեզ: Չեմ կարողանա նկարել քեզ ու նորից ինձ ոչինչ կզգամ: Իսկ դու ու՞ր ես գնում: Երազանքիդ ետևի՞ց: Զգու՛յշ եղիր: Գեղեցկությունդ կարող է կործանել քեզ»:

Հե՛յ, տղա՛, հիմա՞ր ես ինչ է: Շու՛րջդ նայիր:
Շուրջս ոչնինչ էլ չկա:
Հիմա՞ր ես, թե՞ կույր: Ինչի՞ համար են աչքերդ, այն էլ այդքան գեղեցիկ:
Բացի «հիմարից» ուրիշ փաղաքշական բառ չգիտե՞ք:
Ոնց  չգիտեմ, ա՛յ հիմար: Ջահել ես, ի՞նչ ես մռայլվել:
Հիմար եմ, դրանից է:
Դե դա արդեն հասկացա:
Պապի՛, դու հիմա իջնու՞մ ես, թե՞ բարձրանում: Կյանքն աստիճան է չէ՞: Ու՞ր ես դու հասել:
Հա, կյանքի մասին  մարդիկ նման պատկերացումներ են կազմում ՝ աստիճան է, խաղ է, թատրոն է, չգիտեմ ինչ զահրումար է: Ես կյանքիս աշունն եմ ապրում ու  դրանից մի բան եմ սերտելՊետք է կյանքը գեղեցիկ ապրել: Արա ինչ ուզում ես, բայց գեղեցիկ ապրիր ու գեղեցիկ հեռացիր: Շուտով ինձ համար ձմեռն է գալու: Բայց չգիտեմ՝ բարձրացե՞լ եմ երբևիցե, թե՞ միշտ նույն աստիճանին եմ մնացել: Չեմ հասկացելՀիմար եմ:

Մինչ տուն կհասներ՝ սկսեց անձրևել: Զգում էր, որ կխելագարվի: Ատում էր անձրևը: Նա իրենից ՄՈՐՆ էր խլելել: Տարել էր հեռու՜-հեռու՜: Խլել էր իրենից միակ հարազատին, անկրկնելիինԽլել էր իրեն:
«Ետ տուր նրան, անձրև՛: Հիմա նա երևի քո կաթիլներից մեկն է: Բայց մարգարտյա կաթիլը, որին դու էլ ես պահել, դու էլ ես փայփայում ու չես տա ոչ մեկին»:
Անձրևը մեղմացավՔայլում էր դեպի տուն ու ետևից արագ քայլերի ձայն լսեց: Մի աղջիկ էր վազում, արագ տուն էր ուզում հասնել: Երևի նրան սպասող կար: Շրջվեց, նայեց աչքերի մեջ ու այդ հայացքն իրեն այնքան ծանոթ թվաց: Անցյալից մի շարք պատկերներ հառնեցին իր առջև: Փորձում էր հիշել, բայց անօգուտ էր..Չկար այդ ծանոթ դեմքը: Աղջիկն էլ էր չքացել..«Մի՞թե խելագարվում եմ, անձրև՛»:
Տուն հասնելուն պես՝ վերցրեց  վրձինը: Հասկացավ, որ միայն նա է իրեն հարազատ մնացել: Շարժեց ձեռքը, տարվեց դրանով, նկարեց, ապրեց այդ պահը, իսկ երբ վերջացրեց, տեսավ, որ կտավից իրեն են նայում մոր աչքերը՝ սև, խորը, թախծոտ: Մոր աչքերն էր ժառանգել: Մի յուրահատուկ ջերմություն զգաց: Գիտեր, որ միայն նրան նկարելով կարող էր խեղդել կարոտը:
«Ինչու՞ չեմ հիշում հորս, - ինքն իրեն մտքում հարց տվեց ու իսկույն էլ ծիծաղեց իր հարցի վրա,-Իսկ նա երբևէ ինձ հիշե՞լ է»:
Դուռը թակեցինՄի՞թե
                                                                                            
                                                                                                                          շարունակելի...