пятница, 4 ноября 2011 г.

Երազիս Թևերով (մաս ll)


Ձեռքում շուռումուռ էր տալիս նամակը: Փոստատարն էր բերել: Երբ դուռը թակեցին, մի քանի րոպե անշարժացել էր, լուռ էր ու մտածում էր, թե արդյոք դա իր հիվանդ երևակայության մեջ չէր, որ լսվում էին թակոցներ; Ո՞վ պետք է իրեն հիշեր, ո՞վ պետք է այցելեր իրեն: Բայց պարզվեց, որ նրան հիշող էլ կար, որ նույնիսկ նամակ ունի; Ու, ահա՛, նայում էր ծրարին` անանուն, անհասցե, ու չէր շտապում բացել այն: Ցանկություն էլ չուներ: Կյանքի նկատմամբ ամեն հույս, սպասում վաղուց անհետացել էին նրա մտահորիզոնից: Էլ ոչինչ չէր ուզում իմանալ, լսել, զգալ կամ մտածել:
«Հիշու՞մ ես, մա՛յր, ինձ առաջին անգամ երբ թուղթ ու գրիչ գնեցիր, մի տարոօրինակ վախով չէի համարձակվում գրել անգամ: Իսկ դու ձեռքիցս բռնեցիր ու միասին գրեցինք իմ անունը, քոնը, նրանը…»:
Մատներն այրում էին նամակը: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես պատռեց ծրարն ու առաջին իսկ վայրկյանից հայացքն անշարժացավ այդ նրբագեղ, գեղեցիկ ու մանրիկ ձեռագրի վրա: Այդ նա էր, ու այլևս ոչինչ նրան չէր կարող խանգարել գոնե մի պահ, մի ակնթարթ երջանիկ զգալ իրեն: Ինքն էլ չէր հավատում, թե երջանիկ է: Նրան ծանոթ չէր դա, խորթ էր, օտար ու մի տեսակ հեռավոր: Սկսեց ագահորեն  կարդալ նամակը: Որքան էլ տարօրինակ էր դեմքի ոչ մի արտահայտություն էլ չփոխվեց: Հանգիստ էր, սառը ու պարզ: Այո՛, ինքն էլ էր հասկացել, որ չքնաղ այդ աղջիկը գիտի իր մասին, իր զգացմունքների մասին, որոնք ինքն այնքան մեծ խնամքով ու հոգատարությամբ էր պահում իր սրտում: Այն անձրևոտ օրը, երբ տեսավ նրան, ճակատագիրը, նախախնամությունը թե պատահականությունը երկրորդ անգամ նրանց միմյանց նույն ճանապարհին դուրս բերեց: Այս անգամ իր կամքից անկախ ոտքերը նրան տարան գեղեցիկ այդ անծանոթուհու ետևից: Դրանից հետո քանի՜-քանի՜ անգամ էր թափառել նրանց տան մոտակայքում, քանի՜-քանի՜ անգամ էր նկարել նրա դիմանակարն ու ուղարկել նրան: Իսկ հիմա նամակում աղջիկն իրեն խենթ նկարիչ է անվանում  ու ասում, որ էլ չգա, չթափառի իր պատուհանի տակ, ու՞մ  է սպասում, ինչի՞ն…
Նա իր երազն էր, իր  հեռավոր ու թաքուն երազը: Զգաց, թե ինչպես մի ակնթարթում նրա պատկերից հյուսված այդ երազն ավելի հեռացավ, թռավ, անհետացավ:  Մի անզուսպ ցանկություն զգաց վազելու, անդադար վազելու երազի ետևից, բայց գիտեր` իզուր էր, չէր հասնելու:
Անտանելի ցուրտ զգաց  ու նրան թվաց, թե ամբողջ աշխարհն է մրսում, և, իսկապես, աշխարհը ցուրտ էր: Ամեն ինչ նրան թվաց խորթ, օտար, սառը: Տաքանալու համար վառեց իր բոլոր նկարները ու զգաց, որ ավելի է մրսում: Սարսափելի այդ ցուրտը նրա մեջ էր դեռ այն անձրևոտ օրվանից, երբ չար պատահականությամբ հանդիպեց նրան ու դրանով տարված թափառեց այնքան, մինչև ուժասպառ տուն հասավ:
Բոլոր այդ մտքերից հոգնելով՝ պառկեց բազմոցին: Հեռու՜ հեռվից իրեն էին նայում մոր աչքերը` փայլուն ու ջերմ այդ աչքերը: Հասկացավ, որ նա շատ մոտ է իրեն: Երջանիկ էր, իսկ երազը դեռ թռչում էր, հեռանում…Իսկապես աշխարհը ցուրտ էր…
(Նվիրում եմ Աննային)